Երեկ ղազախական ցորենի մասին իմ գրառումը ոմանք այնքան ծանր են տարել, որ իմ համեստ անձն այսօր դարձել է իշխանական ֆեյքերի եւ կառավարության աշխատակազմի ենթակայությամբ գործող որոշ կայքերի «հերոսը», ուստի որոշեցի շարունակել թեման եւ լրացուցիչ տեղեկություններ փոխանցել մեր ընթերցողին: Մեր Լուսիեն Պետրոսյանը շարունակում է հետաքննությունը եւ մենք մաս-մաս ներկայացնելու ենք, թե ինչ ցորեն է արտադրվել Ղազախստանում եւ ինչ են ներկրել Հայաստան: Բոլոր մեջբերումներն արված են վստահելի աղբյուրներից, տեղեկությունները ստուգված են, մի մասը պաշտոնական կայքերից է (https://hraparak.am/post/aa31a68da82300246eb4f36e48298fa6):
Եւ այսպես. Ցորենի փորձարկումների, փորձաքննության եւ հավաստագրման ոլորտում գոյություն ունեցող ամենահին ու ամենահեղինակավոր ընկերությունը՝ Société Générale de Surveillance (SGS)-ն, մրցակցությունից դուրս առաջատար է իր ոլորտում, աշխարհով մեկ սփռված 2 հազար 650 գրասենյակ եւ լաբորատորիա ունի, 98 հազար աշխատակից, գործում է շուրջ 100 երկրում, ներառյալ՝ Ղազախստանում։ Այս ընկերությունը բացահայտել է, որ ղազախական ցորենը պիտանի չէ սննդի մեջ կիրառման համար, հրապարակված եզրակացության մեջ ասված է. «Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած՝ Ղազախստանի հացահատիկ արտադրող բոլոր շրջաններում սկսեցին անձրեւներ տեղալ, որոնք, նախ, խոչընդոտեցին բերքահավաքին, իսկ երկրորդ՝ հանգեցրին հացահատիկի ծլմանը հասկի մեջ։ Հասկի մեջ սերմնահատիկի ծլման գործընթացն ուղեկցվում է կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ համալիրով։ Դրանցից մեկը ալֆա-ամիլազա ֆերմենտի սինթեզման խթանումն է, որը քայքայում է հատիկի օսլան եւ հանգեցնում է Անկման թվի նվազման։ Նման ցորենի որակը կտրուկ վատանում է, ընդհուպ մինչեւ հացաթխման որակների կատարյալ կորուստ։ Խոնավ հատիկը նաեւ դյուրությամբ վարակվում է սնկային հիվանդություններով (ֆուզորիոզ եւ այլն), պաթոգեն սնկերն արտադրում են միկո եւ ալֆա տոքսիններ»:
Իսկ «АПК Новости» գործակալությանը տված հարցազրույցում Ղազախստանի Հացահատիկ վերամշակողների միության փոխնախագահ Թաիսիա Կոլեգովան ասել է. «Ծլած հացահատիկից ալյուր արտադրելը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է, քանի որ նման հացահատիկը մեծ հավանականությամբ վարակված կլինի ալֆա տոքսիններով: Նման հացահատիկից ստացված ալյուրը կարող է հանգեցնել զանգվածային մահերի, եւ սա «страшилка» չէ: Սա ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ հարց է: Ռիսկի դիմելն անիմաստ է»: Ծլած ցորենից ստացված ալյուրը նույնիսկ կենդանիների կերի համար պիտանի չէ»:
Ի դեպ, 2023-ին նման ցորեն Ղազախստանից արտահանել են Աֆղանստան` մոտ 45 վագոն, որը միջազգային սկանդալ է առաջացրել...
Արմինե ՕՀԱՆՅԱՆ